Նորություններ /

15/07/19
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիսի 1-7-ը Հունաստանի Օլիմպիա քաղաքում կայացավ Միջազգային օլիմպիական ակադեմիայի կողմից կազմակերպված ՄՕԱ անդամ երկրների՝ ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների, պրոֆեսորների վերապատրաստման ամենամյա գիտաժողովը։ Միջազգային ակադեմիական նստաշրջանին մասնակցում էր 75 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։

Հայաստանը ներկայացնում էին ՀՖԿՍՊԻ-ի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի (ՍՄԿ ֆակուլտետ) ասիստենտ Արևիկ Բաղդասարյանը և Սպորտային բժշկության և ֆիզիոլոգիայի ամբիոնի (ՖԴԱՏ ֆակուլոտ) դոցենտ Լուսինե Ստեփանյանը։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցան լիագումար և սեկցիոն նիստեր, որոնց նպատակն էր իրազեկել օլիմպիական կրթության, գաղափարախոսության, առանց կոնֆլիկտների միջանձնային և միջազգային հարաբերությունների ստեղծման մասին՝ կարևորելով սպորտի դերն ու նշանակությունը աշխարհում խաղաղության հաստատման գործում։ Աշխատաժողովի լիագումար նիստին զեկուցումով հանդես եկավ Արևիկ Բաղդասարյանը՝ ներկայացնելով օլիմպիզմի գաղափարախոսությունը մարզիկի ակմեաբանական (անձի զարգացման բարձրագույն կետը) մշակույթի կառուցվածքում՝ ընդգծելով նախանձի բացասական ազդեցություները անհատի անձնային, մասնագիտական որակների զարգացման վրա՝ միաժամանակ շեշտելով մարզիկի ակմեաբանական մշակույթի և օլիմպիական գաղափարախոսության փոխկապակցվածությունը:

ՀՖԿՍՊԻ-ի դասախոսները, մասնակցելով սեկցիոն քննարկումներին, ներկայացրեցին նաև օլիմպիական շարժման, օլիմպիական արժեքների տարածման ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքները, դրանց լուսաբանման և հանրայնացման միջոցներն ու յուրահատկությունները:

Միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում բուհի պատվիրակները գիտական, կրթական ոլորտներում համագործակցություն ծավալելու պայմանավորվածություն ձեռք բերեցին, որը նախատեսում է առավել մեծ ջանքեր ներդնել վերապատրաստման համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ Ա. Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ իրենց ներկայացրած գիտական զեկուցումները տեղ են գտնելու Միջազգային օլիմպիական ակադեմիայի (International Olympic Academy) հոդվածների ժողովածուում, որը հեղինակավոր և պահանջված հանդես է եվրոպական տարածքի երկրներում։

ՀՖԿՍՊԻ-ի մասնակիցները, ամփոփելով իրենց աշխատանքային այցը Հունաստան, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանին և ինստիտուտի Միջազգային գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավար Անժելա Նուշիկյանին վստահության և միջազգային հեղինակավոր գիտաժողովին ՀՖԿՍՊԻ-ին ներկայացնելու հնարավորությունը ընձեռելու համար։