Նորություններ /

02/09/19
ՀՖԿՍՊԻ-ԻՆ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ

Այսօր տեղի ունեցավ ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի սկզբում ՀՖԿՍՊԻ-ի Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արսեն Ջուլֆալակյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանին 9 ամիսների համատեղ աշխատանքի համար:

Մամիկոնյանն ևս իր խոսքում շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանին պաշտոնավարման 20 տարիների ընթացքում կատարած աշխատանքների և ինստիտուտում արձանագրված ձեռքբերումների համար:

Այնուհետև Գ. Մամիկոնյանը առաջարկեց փոփոխության ենթարկել ռեկտորի պաշտոնի ընտրության կանոնադրական պահանջը` ըստ որի ռեկտորի պաշտոնում այսուհետ կարող է առաջադրվել դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում և (կամ) գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը: Օրակարգը հաստատվեց առաջարկված փոփոխություններով:

ՀՖԿՍՊԻ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, բուհի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռոլանդ Շառոյանը հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց սպորտի վարպետ, ըմբշամարտի միջազգային մրցումների մրցանակակիր և հաղթող, Համաշխարհային կրթահետազոտական դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ Ռոման Մուրադյանին: Նա միաձայն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար միաձայն ընտրվեց բուհի ՖԴԱՏ ֆակուլտետի Կինեզոլոգիայի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Ալեքսանյանը:

Այնուհետև քվեարկության դրվեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ. Առաքելյանի դիմումի համաձայն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցը: Հրաժարականի դիմումը հաստատվեց 16 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Սպորտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը: Նա միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ռեկտորի նոր պաշտոնակատարը իր խոսքում շնորհակալութուն հայտնեց բոլորին մեծ վստահության համար, խոսեց բուհի զարգացման իր տեսլականի ու բարեփոխումների շրջանակի մասին, որոնք առավել մանրամասն կներկայացնի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: