Նորություններ /

30/09/19
ՍՊՈՐՏ-ՀՆԴԿԱՍՏԱՆ-2019

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվիրակությունը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մասնակցել է «Սպորտ-Հնդկաստան-2019» միջազգային սպորտային ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է Հայաստանում սպորտային մենեջմենտին, սպորտային լրագրությանը, բանակային սպորտին և սպորտային բարձրագույն կրթությանը վերաբերող այլ հարցեր:

«Սպորտ-Հնդկաստան-2019» միջազգային ցուցահանդեսին մասնակիցած ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակների հետ այսօր հանդիպել է ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: Լսելով Նյու Դելիում ունեցած հանդիպումների մասին, Դավիթ Խիթարյանը հույս է հայտնել, որ սպորտային բարձրագույն կրթության տարբեր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները մեծապես կնպաստեն Հայաստանի և Հնդկաստանի միջև սպորտային միջբուհական համագործակցության սերտացմանը:

«ՀՖԿՍՊԻ-ի միջազգայմացման հետ կպված բավականին լուրջ ծրագրեր ունենք հատկապես Հնդկաստանի համար: Լեզվական հմտությունների կատարելագործումից հետո մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ կլինի դասավանդել նաև արտասահմանցի ուսանողներին»,- ասել է Դավիթ Խիթարյանը: ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակության անդամները արդյունավետ, հագեցած և հեռանկարային են գնահատել իրենց մասնակցությունը ցուցահանդեսի աշխատանքներին: Նրանք առաջիկայում կներկայացնեն ամփոփ հաշվետվություն՝ <<Սպորտ-Հնդկաստան-2019>> միջազգային ցուցահանդեսին իրենց մասնակցության մասին: