Նորություններ /

23/10/19
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն ընդունել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ղեկավար անձնակազմին՝ տնօրենի պաշտոնակատար Վաղինակ Գալուստյանի գլխավորւթյամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու ուսումնական հաստատությունների հետագա համագործակցության զարգացման ուղղությունները, ինչպես նաև այդ համագործակցության արդյունավետության խոչընդոտների վերացմանն ուղղված ծրագրերը: Կողմերը համաձայնվել են, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում գործող գնահատման համակարգերի տարբերությունը անհարկի դժվարություններ է առաջացնում քոլեջը գերազանցությամբ ավարտած այն սաների համար, որոնք ցանկանում են ուսումը շարունակել ՀՖԿՍՊԻ-ում: «Կարծում եմ, անհրաժեշտ է հանդես գալ մարզական երկու կարևոր ուսումնական հաստատություններում միանման գնահատման համակարգի կիրառման նախաձեռնությամբ: Դա հնարավորություն կտա Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը բարձր առաջադիմությամբ ավարտած սաներին առանց ավելորդ բարդությունների իրենց ուսումը շարունակել միանգամից որպես մեր բուհի 2-րդ կուրսի ուսանող»,- ասել է Դավիթ Խիթարյանը: