Նորություններ /

05/11/19
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել ենք Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ դեսպան Յամադան մասնակցել է բուհում սովորող բարձրակարգ մարզիկների հետ հադիպմանը, դիտել է կարատեիստ ուսանողների ցուցադրական ելույթները, ինստիտուտի թանգարանում ծանոթացել է հայկական սպորտի, ՀՖԿՍՊԻ-ի և Հայաստանում օլիմպիական շարժման պատմությանը:

Ռեկտորի պաշտոնակատարը ողջունել է պարոն Ջուն Յամադային և նրան ներկայացրել մարզիկ-ուսանողների մարզական ձեռքբերումները՝ հույս հայտնելով, որ նրանցից ոմանք պատիվ կունենան ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում: «Այսօր այս հանդիպմանը ներկա են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ, որոնք հուսով եմ դեռ կհասցնեն մեզ ուրախացնել իրենց մարզական ձեռքբերումներով»,- ասել է Դավիթ Խիթարյանը:

Դեսպան Յամադան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հայ մարզիկներին մաղթել հաջող մրցելույթներ միջազգային մրցահարթակներում, և մասնավորապես նաև՝ Տոկիո-2020 օլիմպիական խաղերում: «Դուք եք իսկական դեսպանները, որոնք մեծ աշխատանք են անում խաղաղության և համերաշխության գաղափարների տարածման համար: Ես հավատում եմ սպորտի համախմբող և միավորող ուժին»,- նշել է Ջուն Յամադան: