Նորություններ /

25/11/19
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴԱՍԱՎԱՆԴԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը և բուհի միջազգային և գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավար Անժելա Նուշիկյանը հանդիպել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկյացուցիչների հետ և նրանց հետ քննարկել ՀՖԿՍՊԻ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի համագործակցության ուղիները:

«Հիմա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող դառնալու համար դիմորդը պետք է անպայման լինի որևէ մարզաձևով զբաղվող մարզիկ: Այս պահին մեր բուհում մշակվում է մի ծրագիրը, որը հնարավորություն կտա առանց մարզաշխարհի ներկայացուցիչ լինելու, հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո դառնալ ՀՖԿՍՊԻ-ի ուսանող: Այս ծրագրի համաձայն հնարավոր է մարզերի բնակիչների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նպատակային տեղեր հատկացվեն: Սա մե՛ր բուհի նախաձեռնությունն է՝ ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտներով Հայաստանի Հանրապետության մարզերում տեղաբաշխված հարակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր հաստիքները համալրելու համար»,- ասել է Դավիթ Խիթարյանը և ներկաներին տեղեկացրել, որ այդ ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կներկայացվի բուհի հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանանալուց հետո: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի տարածաշրջանային համագործակցության և համայնքային ներազդեցության բաժնի տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանի խոսքերով ՀՖԿՍՊԻ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի:

Կողմերը հնարավոր են համարել նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցների աջակցությամբ բուհի ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը գյուղական համայնքների դպրոցներում:

Վաղը՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների համար տեղի կունենա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ցուցադրությունը (presentation):