Նորություններ /

03/12/19
ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կայացել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Սպորտի հիմնախնդիրները և լուծման ճանապարհները խորագրով կլոր–սեղան քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՖԿՍՊԻ-ի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և մարզական ակումբների ներկայացուցիչներ։

Կլոր–սեղան քննարկման նպատակն է վերհանել սպորտում առկա այնպիսի խնդիրներ և լուծում պահանջող հիմնահարցեր, որոնք հնարավոր է լուծել օրենսդրական դաշտի բարելավման միջոցով: ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը ներկաներին խնդրել է ներկայացնել կառուցողական առաջարկություններ՝ ոլորտում առկա բացթողումների լուծման օպտիմալ ուղիների վերհանման նպատակով: «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կենտրոնացած է մարզական ոլորտն ուսումնասիրող գիտական մեծ ներուժ և այդ հենքի վրա կարելի է ՀՀ Ազգային Ժողովի մեր գործընկերներին ներկայացնել ոլորտի կարգավորմանն ուղղված առաջարկություններ, որոնք հետագայում կարող են օրենքի ուժ ստանալ և նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը»,- ասել է Դավիթ Խիթարյանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական Դավիթ Շահնազարյանի խոսքերով հանդիպման ընթացքում վերհանված խնդիրները և ոլորտի կարգավորման վերաբերյալ հնչեցրած բոլոր առաջարկություններն, ըստ առաջնահերթությունների, կքննարկվեն հանձնաժողովում: