Նորություններ /

24/01/20
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը հանդիպել է Հայաստանում գործող լեռնագնացության և լեռնային տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ և ներկայացրել ՀՖԿՍՊԻ-ում «սպորտային տուրիզմ» մասնագիտություն ունենալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։

«Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ տարվող ռազմավարական ծրագրերի մեջ իր առանձնահատուկ տեղը պետք է ունենա սպորտային տուրիզմը։ Այս ոլորոտւմ առկա մասնագետների պահանջարկը լրացնելու նպատակով մեր բուհում ստեղծվելու են «սպորտային տուրիզմ» և դրան հարակից՝ «փրկարարական գործ» մասնագիտությունները։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներում ակնկալում ենք ունենալ ոլորտի առաջատար ներկայացուցիչների, այսինքն՝ ձեր, աջակցությունը։ Այդ պարագայում մենք կկարողանանք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ուսումնական գործընթացի թե՛ տեսական, և թե՛ պրակտիկ բաղադրիչները կազմակերպել առավել արդյունավետ»,– ասել է ռեկտորի պաշտոնակատարը։

Դավիթ Խիթարյանը լեռնագնացության և լեռնային տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին շնորհակալագրեր է հանձնել՝ ոլորտում մարզչամանկավարժական ակտիվ գործունեության, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման, երիտասարդներին ներգրավելու և առողջ ապրելակերպը մանկապատանիների շրջանում զարգացնելու համար։

Հանդիպումից հետո հյուրերը եղել են ՀՖԿՍՊԻ-ի թանգարանում, ծանոթացել են բուհի, հայկական սպորտի և օլիմպիական շարժման մասին պատմող ցուցանմուշներին։